շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ

Երևանյան ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի. ՔԿ

Երևանյան ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն կիրառած և հասարակական կարգը խախտած տղամարդը չի կալանավորվի. նրա նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հոկտեմբերի 19-ին, հայտնել էինք, որ սոցցանցում տարածվեց մի տեսանյութ, որում մի տղամարդ դիմում է հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը. խմբ.)՝ պահանջելով, որ իրեն նորմալ պահի։ Մեկ այլ կին միջամտում է և դժգոհում տղամարդու պահվածքից։ Նրանց միջև լեզվակռիվ է սկսվում, փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում։ Հոկտեմբերի 20–ին տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։

Քննչական կոմիտեից նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։

Նրանցից մեկի նկատմամբ (տղամարդուն նկարահանող կինը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը (խուլիգանությունը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Մյուս անձի նկատմամբ (ենթադրաբար իր կնոջը վիրավորող տղամարդը–խմբ.) կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: