շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ազիզ Կոնսովայի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների միջև կրթական կապերի ընդլայնումն ու փորձի փոխանակումը։

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նշելով, որ առանձնակի կարևորություն է տրվում միջազգային գործընկերների ընդգրկմանը։

Քննարկվել է մշակման փուլում գտնվող Հայաստան-Եգիպտոս ոլորտային համագործակցության ծրագիրը: Անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության և ավարտական կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:

Կողմերը հետաքրքրություն են հայտնել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, գիտական դրամաշնորհների համաֆինանսավորման, ինչպես նաև երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։

  • Կիսվել: