շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստան են ժամանել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները

Հայաստան են ժամանել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները

Հայաստան են ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները։

Այս պատասխանատու ժամանակահատվածում՝ սփյուռքահայ երիտասարդները, 2 շաբաթ գտնվելով Հայաստանում և ուսումնասիրելով հայրենիքի կարիքներն ու հնարավորությունները, կվերադառնան համայնքներ՝ շարունակելու իրենց առաքելությունն, այդ թվում` ներկայացնելով աշխարհին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը:

Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, որին մասնակցում են 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ։ Նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Ռուսաստանից և հանդիսանում են համայնքի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, համայնքային, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդի անդամներ:

Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է վերջին օրերին ծավալված իրադարձություններին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կարևորելով սփյուռքահայ երիտասարդների դերը հավաստի տեղեկատվության տարածման գործում ինչպես հայկական սփյուռքի համայնքներում, այնպես էլ օտարերկրյա պետությունների հասարակական լայն շրջանակներում։ Զարեհ Սինանյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև երիտասարդներին, ովքեր այս դժվարին իրավիճակում եկել են Հայաստան՝ հայրենիքի կողքին կանգնելու և հանրօգուտ աշխատանք կատարելու ձգտումով։

Գլխավոր հանձնակատարը խոսել է նաև գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնց նպատակն է ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը, ակտիվացնել սփյուռքյան համայնքների գործունեությունը, ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորություն, բացահայտել սփյուռքի ներուժը և ներդրումը Հայաստանի զարգացման գործում։

««Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը միտված է մոտեցնել սփյուռքը սփյուռքին, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և սփյուռքի երիտասարդներին միմյանց ճանաչելու հնարավորություն ընձեռել, ձևավորել սփյուռքահայ ակտիվ երիտասարդների ցանց՝ ի դեմս մեր դեսպանների, և ունենալ գրասենյակի երիտասարդ գործընկերներ համայնքներում»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը։

Ներկայացնելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բովանդակային հիմնական ուղղությունները՝ ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը խոսել է ծրագրի հայաստանյան փուլի մասին։ «Հայաստանյան դասընթացն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հաստատություններ և հիշատակի վայրեր:

Հետագայում իրենց համայնքներում մասնակիցները կիրականացնեն տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մեդիայի հետ»,- մանրամասնել է Գրետա Մնացականյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:

  • Կիսվել: