երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. ՊԵԿ

Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. ՊԵԿ

ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է Մարգարայի անցակետը։ Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել անցակետում, Sputnik Արմենիան դիմել էր ՊԵԿ–ին։
 
«Նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները», - պատասխանել են կոմիտեից։
Նշվում է նաև, որ այս պահին իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները։
 
Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ:
 
Հիշեցնենք` 2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
 
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
 
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, 2 տաղավար բեռների ձևակերպման համար, 2 տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման մեկհարկանի մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, 2 հսկիչ-անցագրային կետ և մեկհարկանի պահեստ:

  • Կիսվել: