հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերջին 4 շաբաթում աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման դեպքերի աճ. Արմեն Մուրադյան

Վերջին 4 շաբաթում աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման դեպքերի աճ. Արմեն Մուրադյան

Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը COVID-19 համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է հրապարակել։

«• Իրավիճակն աշխարհում

Ներկայում` 2021 թվականի 9-10-րդ շաբաթներ, համաճարակաբանական տվյալների վերլուծությունը վկայում է, որ արձանագրվում է COVID-19 նոր դեպքերի թվի աճ 4 շաբաթ շարունակ: Մասնավորապես, նախորդ շաբաթ արձանագրվել է վարակի շուրջ 3,3 մլն նոր դեպք: Մահերի թիվը 6 շաբաթ շարունակ նվազելուց հետո, ներկայում կայունացել է՝ կազմելով շուրջ 60․000:

COVID-19 նոր դեպքերի ավելացում է գրանցվել նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջաններում, որը ներառում է 53 պետություններ, որտեղ արձանագրվում է նոր դեպքերի և մահերի 80%, ինչն ի թիվս այլ գործոնների պայմանավորված է նաև եվրոպական տարածաշրջանում թեստավորումներ իրականացնելու լայն հնարավորություններով, ինչպես նաև մահվան դեպքերի գրանցման ճշգրտությամբ:

Հարկ է նշել նաև, որ COVID-19 նոր դեպքերի թիվը կայունացել է ԱՀԿ ամերիկյան և արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Տղամարդկանց և կանանց շրջանում հիվանդացության դեպքերը հանդիպում են գրեթե հավասար՝ 49% կանանց, 51% տղամարդկանց, սակայն մահացությունը զգալի բարձր է տղամարդկանց շրջանում՝ 59%, կանանց 41%-ի դիմաց:

• Իրավիճակն եվրոպական տարածաշրջանում

Հաշվետու ժամանակահատվածում, եվրոպական տարածաշրջանում արձանագրվել է COVID-19 1.4 մլն նոր դեպք և շուրջ 22․000 նոր մահ, համապատասխանաբար 13% և 1% ավելին քան նախորդ շաբաթ: Առավելագույն նոր դեպքեր հայտնաբերվել են Ֆրանսիայում՝ 204,840 նոր դեպք (313.8 նոր դեպք 100,000 բնակիչ հաշվով` աճ 27%), Իտալիայում՝ 154,493 նոր դեպք (255.5 նոր դեպք 100,000 բնակիչ հաշվով) և Լեհաստանում՝ 151,918 նոր դեպք (401.4 նոր դեպք 100,000 բնակչի հաշվով` աճ 36%):

Առավելագույն մահերի մասին հայտնել են ՌԴ-ն՝ 2940 նոր մահ (2 նոր մահ 100,000 բնակիչ հաշվով` նվազում 2%), Իտալիան՝ 2761 նոր մահ (4.6 նոր մահ 100 000 բնակիչ հաշվով` աճ 20%) և Լեհաստանը՝ 2122 նոր դեպք (5.6 նոր մահ 100 000 բնակչի հաշվով` աճ 12%)»,- ասված է ԵՊԲՀ ռեկտորի գրառման մեջ:

  • Կիսվել: