շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հարցվողների 70%-ը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. հարցում

Հարցվողների 70%-ը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. հարցում

Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թուքրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը միանշանակ հավանություն է տվել հարցվածների 11,2 տոկոսը, ավելի շուտ հավանություն տալիս է 15,1 տոկոսը, ավելի շուտ՝ հավանություն չի տալիս 8,7 տոկոսը, բոլորովին հավանություն չի տալիս 59,3 տոկոսը։

Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։ Նա հիշեցրել է, որ նախորդ հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը դեմ էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։

«Ադրբեջանին Արցախում լարված իրավիճակի մեղավոր է համարել հարցվածների 43,8 տոկոսը, 27 տոկոսը համարել է, որ մեղավոր են Հայաստանի իշխանությունները, 14,1 տոկոսը մեղավոր է համարել ռուս խաղաղապահներին, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանություններին, 3,9 տոկոսը՝ Թուրքիային։ Հարցվածների 13 տոկոսը տվել է այլ պատասխաններ, եւս 11,2 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել։

Հարցվածների 40,3 տոկոսը միանշանակ այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղ պայմանագիր՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի, ավելի շուտ՝ չեն կարող ստորագրել պատասխանն է տվել 16,9 տոկոսը»,- նշել է Նավասարդյանը։  Հարցումն իրականացվել է 2022թ. ապրիլին 1 002 հարցվողների շրջանում։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ ասել էր. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»։ 

  • Կիսվել: