երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում

Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում: Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները:

Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` կապված սեփականության իրավունքի, փաստաթղթերի կորուստի, պատճառված վնասի փոխհատուցման, կրթության իրավունքի հետ: Բնակիչները` որպես հրատապ լուծում պահանջող հարց, առանձնացրել են փոխհատուցման հետ կապված հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, ունի առաջնահերթ հասցեավորման անհրաժեշտություն` անձանց բազմաթիվ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը երաշխավորելու դիտանկյունից։

Անձինք բարձրացրել են նաև սոցիալ֊հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Այդ առումով Պաշտպանը կարևորում է բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության տրամադրման նշանակությունը։

Պաշտպանն ընդգծում է, որ առաջնահերթ նշանակություն ունեն նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող խնդիրները, այդ թվում` քննությունների կազմակերպման հարցերը դիտարկելիս երեխաների հոգեբանական և ստեղծված իրավիճակի այլ հետևանքները հաշվի առնելը։

Անահիտ Մանասյանը բնակիչներին հայտնել է, որ բարձրաձայնված մի շարք խնդիրներ արդեն իսկ հասցեավորվել են պետական իրավասու մարմիններին` դրանց լուծումներ տալու նպատակով:

Փաստահավաք աշխատանքի արդյունքում վերհանված մյուս խնդիրները կամփոփվեն և կուղարկվեն համապատասխան մարմիններին:

Պաշտպանը վստահեցրել է` իր իրավասության շրջանակում աջակցելու է բոլոր խնդիրների լուծմանը և մարդկանց իրավունքների պատշաճ իրացմանը:

Նույն օրն Անահիտ Մանասյանը հեղեղումների հետևանքով վնասված թաղամասեր է այցելել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև Սանահին կայարան թաղամաս և զրուցել բնակիչների հետ: Այցի ընթացքում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրել է այն վնասները, որոնք կրել է բնակավայրը հեղեղումների հետևանքով:

Լոռի այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն Ալավերդի քաղաքի Միասնական տեղեկատվական կենտրոնում հանդես է եկել ասուլիսով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:

  • Կիսվել: