կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղղված է կրթության որակի բարձրացմանը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղղված է կրթության որակի բարձրացմանը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: 

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ՝ մասնավորապես անդրադառնալով  դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմանը: Նա տեղեկացրել է, որ ըստ կառավարման նոր մոդելի` դպրոցների կառավարման բովանդակային​ և​ վարչական գործառույթները տարանջատվել են։ ​Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։ 

Անդրադառնալով Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, նոր ուսումնական տարվանից այն ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով դասավանդող բոլոր ուսուցիչների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացն ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների կարողությունների, հմտությունների և դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը: 

Կողմերը քննարկել են նախարարության և ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ է եղել ուսուցիչների վերապատրաստման և կրթական նյութերի մշակմանն ու հետագա տարածմանն առնչվող հարցերին։ 

Անդրադարձ է եղել Կրթության զարգացման և նորարարության ազգային և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների հետ համագործակցության հնարավորությանը՝ կարևորելով ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին աջակցությունը:

  • Կիսվել: