երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Կրթական ծրագիր՝ Վենետիկի արվեստի բիենալեի հայկական տաղավարում

Կրթական ծրագիր՝ Վենետիկի արվեստի բիենալեի հայկական տաղավարում

Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։ Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural Academy-ECA), Տրենտոյի (NEST College & Campus Trento) և Վենետիկի Կա Ֆոսկարի (Università Ca' Foscari) համալսարաններից։

Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացել են Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծին, որը երեք բաղադրիչ ունի` «Յոթ մահացու մեղքեր», «Արձագանք» և «Կատարելություն»։ Այնուհետ ստեղծագործական տարածքում մասնակիցները փորձ են արել ուսումնասիրելու ցուցադրության առանցքային մաս կազմող, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ հնչող Մեսրոպ Մաշտոցի շարականների տեքստն ու երաժշտությունը։ Նրանց տրամադրվել են շարականների թարգմանած տեքստերն ու լատինատառ տառադարձումներով հատուկ թռուցիկներ՝ ծանոթանալու շարականների բովանդակությանը, որոնցից  մի քանիսը տեղում նույնիսկ երգվել են:

Շարունակելով հոգևոր երաժշտության ունկնդրումը՝ մասնակիցները Նինա Խեմչյանի գնդաձև կավե քանդակների նմանությամբ շրջանաձև թղթերի վրա տարբեր նյութերի օգնությամբ փորձել են արտահայտել հնչող երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

Կրթական ծրագրերն իրականացրել է ԳԱԿ կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը։ Ծրագրերին մասկացնում էին Հայաստանի ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը և անձամբ արվեստագետը՝ Նինա Խեմչյանը։

 «Արձագանք» ցուցադրության և վերջինիս վրա հիմնված կրթական ծրագրի միջոցով մասնակիցներն առավել խորությամբ ծանոթացել են հայկական մշակույթին, ինչպես նաև ինքնաարտահայտվելու հնարավորություն ունեցել։

Կարևորելով նման կրթական նախաձեռնությունները՝ թե՛ մասնակիցները, թե՛ նրանց դասախոսները նշել են, որ նախկինում նման փորձառություն երբեք չեն ունեցել, և դասընթացները նոր հորիզոններ են բացել իրենց համար՝ Հայաստանի ազգային տաղավարի բոլոր շերտերն ընկալելու համար։

  • Կիսվել: