երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համագյուղացու հետ եղբայրների վեճն ավարտվեց դանակահարությամբ. ոստիկանների բացահայտումը

Համագյուղացու հետ եղբայրների վեճն ավարտվեց դանակահարությամբ. ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.50-ին, Արտաշատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիտակ-Ջրաշեն ճանապարհին Դիտակ գյուղի բնակիչ, 23 և 24 տարեկան եղբայրներ վիճաբանել են համագյուղացի 21-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով ու դանակով հասցրել են հարվածներ:

Նույն օրը, ժամը 17.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, ազդրի կտրած վերք» նախնական ախտորոշմամբ, 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է բուժօգնության:

Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ մարմնական վնասվածքներով ավարտված վիճաբանությունը տեղի է ունեցել կրտսեր եղբորը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայում:

Ժամը 18.30-ին նա հայտնաբերվել է Դիտակ գյուղում, ձերբակալվել, բերվել է Արտաշատի բաժին և ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը, ժամը 20.40-ին, ավագ եղբայրն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և խոստովանել, որ ինքն է իր մոտ եղած դանակով հասցրել հարվածներ: Նա նույնպես ներկայացվել է նախաքննական մարմին:

Եղբայրները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: