ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահը՝ Երևանում

Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահը՝ Երևանում

Կցանկանայի վերահաստատել Ղրղզստանի աջակցությունը Հայաստանի աջակցությանը՝ ստեղծելու լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ երևանյան հարթակ, ինչպես նաև մենք պատրաստակամ ենք ակտիվորեն ներգրավվելու դրա աշխատանքներում: Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:

Իր ելույթի ժամանակ Ժապարովը ներկայացրեց նաև COP17-ի շրջանակում Ղրղզստանի չորս առաջարկները, ինչպես նաև խոսեց բարձրլեռնային Իսիկ Կուլ լճի բնապահպանական խնդրի մասին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց է: Սակայն լիճը կլիմայական լուրջ ճնշման տակ է: Վերջին 170 տարիների ընթացքում լճի ջրի մակարդակը նվազել է գրեթե 14 մետրով, իսկ վերջին 5 տարիների ընթացքում անկման տեմպը հասել է 7 սմ-ի: Սառցադաշտերի հալչելու պատճառով լիճ թափվող 101 գետերից այժմ մոտ 30-ն են միայն հոսում:

«Իսիկ Կուլ լճի կորուստը միայն տեղական ողբերգություն չի լինի, այն կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար: Այս առումով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ղրղզստանի Հանրապետությունը աշխատանքներ է նախաձեռնում ՄԱԿ-ի հովանու ներքո Իսիկ Կուլ լճի պահպանմանը նվիրված համատեղ հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց նա՝ միաժամանակ հայտարարելով, որ Ղրղզստանը պատրաստ է 10 մլն դոլար հատկացնել վերոնշյալ հիմնադրամի՝ լճի պահպանմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների համար:

  • Կիսվել: