Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջն Ուկրաինային փոխանցել տասը F-16 կործանիչ։ Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
«Ուկրաինան մարտունակ կործանիչների կարիք ունի, և մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ…. Մենք կմատակարարենք 10 (կործանիչ) այս տարի», - մեջբերում է Դե Վևերի խոսքը Belga լրատվական գործակալությունը։
Բելգիայի վարչապետը նշել է, որ ռազմական տեխնիկայի փոխանցման ժամանակացույցը փոփոխվել է՝ Բելգիային ամերիկյան F-35 ինքնաթիռների մատակարարման ուշացումների պատճառով։ Այդ ինքնաթիռները պետք է փոխարինեն երկրի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող F-16-երին։
Բելգիան խոստացել էր իր առաջին երկու F-16-երն Ուկրաինային փոխանցել 2024 թվականին, իսկ այնուհետև փուլ առ փուլ մնացած բոլոր գործող ինքնաթիռները։ 2026 թ. հունիսին Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել էր յոթ F-16 կործանիչները մինչև 2026 թվականի վերջը փոխանցելու ծրագրերի մասին։ Մինչ օրս մատակարարումները չեն սկսվել՝ F-35-երի ստացման ուշացումների պատճառով:



