շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համաձայնագիր սոցապ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջև

Համաձայնագիր սոցապ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջև

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին։ Կարևորելով միջազգային գործընկերների հետ կառուցողական ու արդյունավետ համագործակցությունը՝ նախարարը բարձր է գնահատել կազմակերպության դերը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում․ «Վորլդ Վիժնի հետ համագործակցությունը բազմավեկտոր է, որի շրջանակում առանձնակի կարևորում ենք երեխաների խնամքի և պաշտպանության, համայնքահեն ծառայությունների մատուցման, աղքատության փուլային հաղթահարման և մի շարք այլ գործընթացներում համատեղ ջանքերի ներդրումը»։

Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը գործընկերներին ներկայացրել է նաև զբաղվածության  ոլորտի զարգացման ծրագրերը՝ հույս հայտնելով, որ նախարարությունը հանրության կողմից կդիտարկվի նաև երիտասարդների  զբաղվածությունն ակտիվացնող, աշխատաշուկան զարգացնող գերատեսչություն։

«Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը ևս շնորհակալություն է հայտնել փոխշահավետ, լայնածավալ ու բազմաշերտ համագործակցության ու արձանագրված արդյունքների համար։ Նա կարևոր ձեռքբերում է համարել նաև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իրագործված աշխատանքները, որոնց արդյունքում ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից վերջերս հրապարակված զեկույցում Հայաստանը առաջընթաց է գրանցել։ Համագործակցության արդյունքում  իրականացվել են  նաև ընտանիքների հետ վերամիավորված երեխաների կյանքի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ․ տարբեր մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 1,300 երեխա գնահատված կարիքի հիման վրա ստանում է ցերեկային խնամքի ծառայություններ իրենց համայնքում։

Րաֆֆի Դուդակլյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն՝ ունեցած փորձը, հմտություններն ու կարողությունները ծառայեցնելով հանուն սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների։

Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում համատեղել ջանքերն ու ռեսուրսներն՝ օրենսդրության կատարելագործման ու ներդաշնակեցման, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման ու հզորացման, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների էլեկտրոնային համակարգի ստեղծման գործում։

  • Կիսվել: