ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հ2-ը դուրս մնաց մրցույթից, «5-րդ ալիքը» կստանա միայն մայրաքաղաքային սփռում

Հ2-ը դուրս մնաց մրցույթից, «5-րդ ալիքը» կստանա միայն մայրաքաղաքային սփռում

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր՝ հունվարի 15-ին, փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեցին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում, սակայն բալերից արդեն պարզ է, թե որ հեռուստաընկերություններն այսուհետ կսփռվեն ողջ հանրապետությունով, որոնք՝ միայն մայրաքաղաքում, իսկ որոնք են ընդհանրապես դուրս մնացել։

Հանրապետական սփռման հինգ սլոթի համար հայտարարված մրցույթին դիմել էր 12 հեռուստաընկերություն՝ «Արմնյուզ» («Արմնյուզ ՓԲԸ»), «Հ2» («Հայկական երկրորդ հեռուստաալիք», «5-րդ ալիք» («Շարկ» ՍՊԸ), «Կենտրոն TV» («Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ), «Արմենիա» («Արմենիա թիվի» ՓԲԸ), «A TV» («Ա ԹՎ» ՍՊԸ), «1in.am» («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ), «Freenews» («Ֆրի Նյուզ» ՍՊԸ), «Ա1+» («Մելտեքս» ՍՊԸ), Հայաստանի Հանրային հեռուստատեսություն, «Երկիր Մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) եւ «Շանթ» («Շանթ» ՍՊԸ)։ Մրցույթը հաղթել և ամենաբարձր բալերը հավաքել են հետևյալ հեռուստաընկերությունները՝ 
 «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ 723 բալ, « Երկիր Մեդիան»՝ 688, «Շանթը»՝ 680, «Atv»-ն՝ 670, «Կենտրոնը»՝ 663 բալ։ Հայկական երկրորդ հեռուստաալիքը, որն ուներ հանրապետական սփռում, չի անցել ընդհանրապես, քանր որ դիմել էր միայն հանրապետական սփռման համար, և չի հավաքել բավարար բալեր։ 

Մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցները նույնպես 12-ն են։ Այդ ցանկում կան ընկերություններ, որոնք միաժամանակ մասնակցել են և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթին։ Դրանք են՝ «Շանթ»-ը «Արմնյուզ»-ը, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն, «5-րդ ալիքը»,«Ա-ԹիՎին», «Երկիր մեդիան», «Ֆրի նյուզը», «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն»-ը:

Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցել են «Դար-21» հեռուստաընկերություն ՓԲԸ-ն, «Մո ԹիՎԻ մեդիա հոլդինգ» ՓԲԸ-ն («Նոր Հայաստան» ՀԸ), «Առփի մեդիա» ՍՊԸ (կաբելային ՀԸ), «Շանթ» ՍՊԸ-ն («Շանթ սպորտ» ծրագիր):

Մայրաքաղաքային սփռման մրցույթում ամենաշատ միավորները հավաքել են հետևյալ հեռուստաընկերությունները՝ 

«5-րդ ալիք»՝  657 բալ, որին 6 բալ է պակասել հանրապետական սփռման մրցույթն անցնելու համար, «Արմնյուզը»՝  613, «Առփի TV»-ն՝ 545, «Ֆրի նյուզ»-ը՝ 531, «Դար 21»-ը՝ 492, «Նոր Հայաստանը»` 463 բալ։ Մայրաքաղաքային սփռման մեկ սլոթ մնացել է ազատ, որի համար հետագայում, ամենայն հավանականությամբ, մրցույթ կանցկացվի։ Բացի այդ, «Սկիզբ մեդիան» («1in.am»)  և Հանրային հեռուստաընկերությունը մինչև մրցույթն իրենց հայտերը հետ են վերցրել։ Հանրային հեռուստաընկերությունը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 24 ժամ լրատվություն ներկայացնելու համար հաճախականություն ստանալու համար։

Մրցույթի ժամանակ, ինչպես և նախկինում, գերակշռել է սերիալային քաղաքականությունը, ամենաբարձր բալեր հավաքել են այն հեռուստաընկերությունները, որոնք ցուցադրում են սեփական արտադրության և հնդկական սերիալներ։

  • Կիսվել: