Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Սառնաղբյուր գյուղի մոտ` ոլորապտույտ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նպատակով ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելուց հետո գլխիվայր շրջվել։
Ուժեղ հարվածից մեքենայի բեռնախցիկի դուռն ու անիվներից երկուսը պոկվել ու հայտնվել ճանապարհի տարբեր կողմերում։ Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ուղևորներից երկուսը եղբայրներ են` 35 և 22 տարեկան, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Եվս մեկը` 37-ամյա ուղևորը, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Երեքն էլ Երևան քաղաքի բնակիչներ են։