երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գոտկատեղից ներքև հարված է. փաստաբանը՝ Հայկական Կարմիր խաչի շուրջ սկանդալի մասին

Գոտկատեղից ներքև հարված է. փաստաբանը՝ Հայկական Կարմիր խաչի շուրջ սկանդալի մասին

Հայկական կարմիր խաչ ընկերության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հրավիրված ասուլիսի ժամանակ փաստաբան Լևոն Մնացականյանը շեշտեց, որ այն, ինչ տեղի է ունենում ընկերությունում՝ գոտկատեղից ներքև հարված է: Թե ինչու է այդպես համարում, փաստաբանը հստակ պատասխան չտվեց, նա կրկին հիշեցրեց, որ ՀԿԽԸ նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին ընտրել են ընկերության նախագահ անօրինական ճանապարհով, քանի որ նա արդեն աշխատանքից հեռացված է եղել։

«Աննա Եղիազարյանը փորձել է կատարել ոչ իրավաչափ արտահերթ համագումար։ Եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումար հրավիրելու դիմումը, այն ենթակա է կատարման։ Եթե կողմը գտնում է, որ անօրինական է մերժումը, ապա նա պետք է բողոքարկի, վիճարկի։ Չեն բողոքարկել, սարքել են ոչ բողոքարկելի»,- նշեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այս ամենից հետո Աննա Եղիազարյանը գալիս է և ասում է՝ ես ընտրված նախագահն եմ։ Փաստաբանը խորհուրդ է տալիս Եղիազարյանին դիմել դատական պաշտպանության, եթե կարծում է, որ իր նկատմամբ անօրինական որոշում է կայացվել։ Մասնավորապես, Եղիազարյանը պնդում է, որ ինքն արձակուրդում է եղել և իրեն ապօրինի են աշխատանքից ազատել։ Փաստաբանն էլ հակադարձում է՝ Եղիազարյանն ինքն է իրեն արձակուրդ տվել, ոչ թե գործատուն։
 

Նա նշեց, որ, ըստ մամուլի հրապարակումների, Կարմիր խաչի շուրջ ստեղծված իրավիճակում որոշակի շահագրգիռ անձինք կան, շրջանառվող տեղեկություններով նրանցից մեկն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։

 

Այս տեղեկությունների վերաբերյալ Լևոն Բաղդասարյանն ասաց․

«Եթե տվյալ պաշտոնատար անձը չկա այդ թեմայում, կարող է հայտարարություն անել, բայց իրավական հարթությունում մեզ ոչ թե դա է հետաքրքրում, այլ, որ այս գործողություններն իրավաչափ չեն, արդյոք դրանով մենք պետական անվտանգության հետ կապված ռիսկ չենք տեսնում»։

 
Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում արդեն 5-րդ օրն է՝ չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է կառույցի նոր նախագահը։
 

  • Կիսվել: