ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գնել Սանոսյանը հանդիպել է բժշկական հաստատությունների տնօրենների հետ

Գնել Սանոսյանը հանդիպել է բժշկական հաստատությունների տնօրենների հետ

Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա Գեղարքունիքի մարզային ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
 
՛՛Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:
 
Մինչև քննարկվող թեմաներին անցնելը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորեցի ներկաներին՝ մաղթելով աշխատանքային և անձնական հաջողություններ:
 
Բժշկի աշխատանքը երբեք հանգիստ չի եղել, սակայն 2020 թվականն այդ առումով իր դժվարությամբ տարբերվել է նախորդ տարիներից, և չկա այլ ոլորտ, որն ավելի շատ է ծանրաբեռնված եղել, քան առողջապահության ոլորտը: Բոլորին շնորհակալություն հայտնեցի այդ ընթացքում համատեղ աշխատելու և մարզը պատվով ներկայացնելու համար:
 
Մենք այդ առումով բավականին լավ ցուցանիշներ ունենք և ոչ միայն կարողացել ենք մարզում մեր վրա դրված խնդիրները պատվով կատարել, այլ գործընկերներին, մայրաքաղաքին և Արցախին բավականին մեծ աջակցություն ենք ցուցաբերել. ինչը համատեղ ջանքերի արդյունք է:
Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցի Վարդենիսի և Մարտունու հիվանդանոցների տնօրեններին, բուժաշխատողներին և սպասարկում իրականացնող անձնակազմին՝ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում մեծածավալ գործունեություն իրականացնելու և առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:
 
Այնուհետև խոսեցի աշխատանքային տարաբնույթ խնդիրների մասին, որոնք մասնավորապես առնչվում էին մարզի առողջապահական հաստատությունների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փաստաթղթաշրջանառության կարգավորմանը, Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումների նկատմամբ հետևողականության ցուցաբերմանը,դատաբժշկական ոլորտում առկա խնդիրների և տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցերի կարգավորմանը։
 
Խոսելով Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ընթացքում զոհված, անհայտ կորած կամ վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ յուրաքանչյուր սպասարկման տարածքում տվյալների ճշգրիտ հավաքագրման մասին՝ հանձնարարեցի՝ վիրավոր զիծառայողների և նրանց ընտանիքների անդամների հանդեպ ցուցաբերել մարդկային և մասնագիտական բարձր պատասխանատվություն: Առաջարկեցի մեր բուժաշխատողներին՝ անձնապես այցելել համայնքներում բնակվող Արցախյան պատերազմի բոլոր վիրավորներին: Անհրաժեշտ է այցելել՝ տեսնելու՝ ինչ խնդիրներ ունեն, լրացնել նրանց տեղեկատվական բացը՝ կապված իրենց համար կառավարության կողմից սահմանված չափորոշիչների հետ, տեղեկացնել, թե ինչ ծրագրերից, դեղորայքից և սարքավորումներից նրանք կարող են օգտվել: Վիրավոր զինծառայողները պետք է ամեն կերպ զգան բոլորիս ուշադրությունն ու աջակցությունը:
 
Խնդրեցի նաև մեր բժիշկներին՝մասնագիտական առումով ուշադրության կենտրոնում պահել պատերազմում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների առողջական խնդիրները:
 
2020 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Սևան քաղաքային համայնքների հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում մատուցված վճարովի ծառայությունների ուղղությամբ գրանցվել են դրական ցուցանիշներ, իսկ որոշ բուժհիմնարկներում էլ այդ ցուցանիշները նվազել են, ինչը թեև որոշ դեպքերում պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, սակայն անհրաժեշտ է այս տարվա ընթացքում շտկել իրավիճակը՝ ցուցաբերելով աշխատանքային բարձր պատասխանատվություն:
 
Հանդիպման ավարտին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի համապատասխան որոշմամբ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեցի մարզի առողջապահական հիմնարկների 52 բուժաշխատողների և բուժաշխատանքներում կամավորագրված վարորդների՛՛,-նշել է նա:
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: