շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Հայաստան-Չինաստան» գիտաժողովին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլ հյուրեր: Գիտաժողովի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով կոնկրետ առաջարկներ մշակելն էր:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հատկանշական է համարել, որ գիտաժողովի կազմակերպումը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

«Թեպետ մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները նոր են բոլորել երեք տասնամյակը, սակայն հայ-չինական մշակութային առնչություններն ունեն հազարամյակների պատմություն։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է, և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, լինելով կարևոր և նշանակալից իրադարձություն, ևս մեկ անգամ վկայում է մեր սերտ և արդյունավետ համագործակցության մասին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Իր ելույթում փոխնախարարը ներկայացրել է հայ-չինական համագործակցության առկա ծրագրերի լայն շրջանակը, որը ներառում է ուսանողների փոխանակման, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության ծրագրեր, Երևանում «Կոնֆուցիուսի ինստիտուտի» և Հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը, անձնակազմերի վերապատրաստումների անցկացումը և համատեղ կրթամշակութային միջոցառումների կազմակերպումը: Նրա խոսքերով՝ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու Չինաստանի լավագույն համալսարաններում և ձեռք բերած գիտելիքներն և հմտությունները ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու:

Արթուր Մարտիրոսյանը փաստել է՝ տարաբնույթ միջոցառումները և ծրագրերը խթանում, վերահաստատում և ամրապնդում են բարեկամական երկու երկրների կապերը: Դրանցից էր 2019 թվականին Չինաստանի մշակույթի օրերի անցկացումը, որը կարևոր և նշանակալից իրադարձություն էր Հայաստանի մշակութային կյանքում: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը և Չինաստանը համագործակցություն են սկսել նաև թարգմանության և հրատարակման ոլորտում․ այն կնպաստի երկու երկրների մշակույթի ճանաչմանը նաև գրականության ասպարեզում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս հայ-չինական համագործակցությունը կզարգանա գործող ծրագրերի զարգացման և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման շնորհիվ։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ Մհեր Սահակյանը և այլք:

Նշենք, որ գիտաժողովը ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան օժանդակությամբ կազմակերպել են քաղաքական և ռազմավարական հետազոտությունների «Չինաստան-Հայաստան» խորհուրդը և Չինաստանի Ռենմին համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտը:

  • Կիսվել: