Գեղամ Մանուկյանը և Հարություն Հարությունյանը «հիմարություն» են որակել այն լուրերը, ըստ որոնց իրենք են կազմակերպել վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի արտահոսքը
«Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի այն հոդվածին, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքը կազմակերպել է հենց «Երկիր մեդիա» ՀԸ-ն, այդ կադրերը տրամադրելով TV-5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանին:
Մանուկյանը այս հրապարակումը հիմարություն է համարել և գրել է.
«Ցավում եմ, որ լրագրությունը հասցրել են այս մակարդակի, երբ նույնիսկ լրագրողական պարկեշտություն չեն ունեցել զանգահարել ու ճշտել լուրի իսկությունը։ Այս հարցին ու ընդհանրապես արտահոսք կոչված այդ հիմարությանը կանդրադառնամ իմ երեկոյան <Անկեղծ ասած> ծրագրում»։ Հարություն Հարությունյանը նույնպես հիմարություն է որակել այդ հրապարակումը` չբացառելով, որ կարող է այս հարցով դիմել դատարան կամ հանդես գալ հայտարարությամբ:


