ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գարեգին Բ-ն հանդիպել է Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցների հետ

Գարեգին Բ-ն հանդիպել է Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցների հետ

Հունվարի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Միասնական աղոթքից հետո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը բերկրաշատ տոների առիթով՝ վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք է ուղղել նաև Մայր Աթոռի Համակարգչային և ինժիներատեխնիկական սպասարկման բաժնի տնօրեն տիար Սմբատ Մարգարյանը:

Այնուհետև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորել և իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցեցլ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունն իր երախտագիտությունն ու գնահատանքն է հայտնել Մայր Աթոռի աշխատակազմին մանավանդ հետպատերազմյան այս դժվարին շրջանում նվիրումով, սիրով և նախանձախնդրությամբ իրենց պարտականություններն ու աշխատանքներն իրականացնելու համար, որի արդյունքում Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Խոսելով հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է Մայր Աթոռի աշխատակիցներին Քրիստոսի պատգամներով զորացած` հույսով ու հավատքով դիմակայել բոլոր փորձություններին ու դժվարություններին։
Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է տարվա ընթացքում նախանշվող կարևոր ծրագրերին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթել է Աստծո օգնականությունն ու պահպանությունն իրենց ստեղծագործական կյանքում առավելագույն արդյունքներ արձանագրելու ի սեր հայ ժողովուրդի բարօր կյանքի, հայրենիքի զորացման և Եկեղեցու պայծառության:

  • Կիսվել: