ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի՝ արդիական պահանջներին համապատասխանող համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար

Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի՝ արդիական պահանջներին համապատասխանող համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար

Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում մրցութային փուլ է եղել՝ կենսաչափական տվյալներով նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրման ծրագրի իրականացման համար: Արդեն կա հաղթող ընկերություն, որը ֆրանսիական շատ հեղինակավոր ընկերություն է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:

«Ընկերության հետ աշխատանքներ են իրականացվելու առաջիկա տարվա ընթացքում: Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր, բացարձակ արդիական պահանջներն ենք սահմանել, այդպիսի համակարգ ենք ունենալու արդեն հաջորդ տարվա՝ 2026 թվականի կեսերին: Սա իր հերթին փոխկապակցված է ՀՀ-ի՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի հետ»,- ասաց նա:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ առնվազն 4 խումբ հարցեր կան, որոնք քննարկվում են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում, և կենսաչափական տվյալների հետ կապված աշխատանքն ու անվտանգ փաստաթղթերի տրամադրման բաղադրիչը հենց այդ 4 խմբերից մեկն է:

  • Կիսվել: