Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Արին Բերդ փողոցի խաչմերուկը փակած բողոքի ակցիայի մասնակիցներին
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն արձագանքել է Արին Բերդի փողոց տանող խաչմերուկը փակած ակցիայի մասնակիցներին.
«Հարգելի՛ գործընկերներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։
Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն»։
Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները փակել են ճանապարհի այդ հատվածը եւ պահանջում են նորոգել ճանապարհը։