ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Եվս 4 ծննդատանը կկատարվի ծնունդների գրանցում. Բադասյան

Եվս 4 ծննդատանը կկատարվի ծնունդների գրանցում. Բադասյան

Ծննդօգնություն իրականացնող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոններում ևս կկատարվի երեխաների ծնունդների գրանցում։ Այս մասին իր ֆեյսբքուքյան էջում արված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Օրն ավարտենք շատ լավ լուրով:

Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում:

Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները։

Հանրային ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելուն ուղղված այս պիլոտային ծրագիրն իրականություն ենք դարձրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սա նշանակում է, որ երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Հիշեցնեմ, որ ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:

Նշածս յոթ բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվում են հետևյալ պետական գրանցումները՝

երեխայի ծննդի պետական գրանցում,
երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում,
ամուսնության պետական գրանցում:
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածելու ենք Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում»:

 

  • Կիսվել: