հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
«Վահագնին իր տեղը ցույց տվեցի». արգելվել է Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մուտքը ԱԺ

«Վահագնին իր տեղը ցույց տվեցի». արգելվել է Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մուտքը ԱԺ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այսօրվանից արգելվել է Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ։ Ըստ պատգամավորների վկայության` նա երեկ միջադեպ է սադրել ԱԺ–ում։ Ով չհետևեց կանոններին, ես խստորեն եմ վերաբերվելու այս հարցին։ Ով խախտեց կանոնները, մուտք չի ունենալու ԱԺ»,- ասել է Ռուբինյանը։

Այս խնդրին անդրադարձել է նաև ինքը՝ Սուքոյանը, ով Facebook–ի իր էջում գրել է. «Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային Ժողով արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով։

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։

Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում՝ մեր բակում ինձ հանդիպելիս»։

  • Կիսվել: