հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։

Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ մեծ սիրով ու մեծ պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ է ստանձնում այդ պաշտոնը։

«Աշխատելու եմ պատվով և էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու սիրով՝ իմ հայրենի մարզում իրականացնելով մարզի ղեկավարումը։ Լինելով ՀՀ կառավարության ներկայացուցիչը Կոտայքի մարզում՝ իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու այն բոլոր ծրագրերն իրենց ամբողջ ծավալով, բովանդակությամբ և ժամկետներով, որոնք իրականացվելու են մարզում։ Ինչպես օրենսդիրում, այնպես էլ գործադիրում շարունակելու եմ ինտենսիվ համագործակցությունն իմ բոլոր գործընկերների հետ՝ ի շահ մարզի, ի շահ մարզի բնակչի։ Վստահ եմ, որ մարզի քաղաքական թիմի, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև կառավարության գործընկերների աջակցությամբ հաջողելու ենք»,-նշեց Ստեփանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում հայտնել էր, որ ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։ 

 

  • Կիսվել: