ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի առաջնությունում Հայաստանը թիմային մրցաշարում նվաճել է չեմպիոնական տիտղոսը

Եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի առաջնությունում Հայաստանը թիմային մրցաշարում նվաճել է չեմպիոնական տիտղոսը

Եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի առաջնությունում Հայաստանի ԱԺ պատգամավորները թիմային մրցաշարում նվաճել են չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

«Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպված եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնությունը, որին 14 երկիր էր մասնակցում։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13,5 միավոր (Արտակ Մանուկյան-5 միավոր, Մխիթար Հայրապետյան-4,5 միավոր, Արթուր Դավթյան-4 միավոր)։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի հավաքականը վաստակեց 13 միավոր։

Պետք է նշեմ, որ մեր գործընկեր-մրցակիցների թվում էին, օրինակ, նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ, ի դեպ, անհատական մրցապայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 6 միավոր (անհատական մրցաշար. Արտակ Մանուկյան-4-րդ տեղ, Մխիթար Հայրապետյան-6-րդ տեղ, Արթուր Դավթյան-12-րդ տեղ)»,- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։

Հայրապետյանը մեկնաբանություններում նաեւ ավելացրել է․ «Ասեմ, որ յոթ պարտիաներից չորսում հաղթել եմ, պարտվել երկուսում և մեկ պարտիա ավարտել խաղաղ ելքով։ Պարտություններից մեկը հենց չեմպիոնից՝ Վիկտոր Բոլոգանից եմ կրել»,-գրել է նա:

  • Կիսվել: