հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե զանգվածային անկարգություններ են, ոստիկանությունը պետք է կոշտացնի իր մարտավարությունը, ինչն էլ արել է. ՔՊ պատգամավոր

Եթե զանգվածային անկարգություններ են, ոստիկանությունը պետք է կոշտացնի իր մարտավարությունը, ինչն էլ արել է. ՔՊ պատգամավոր

Իմ դիտարկմամբ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել, եւ դեռ մի քիչ էլ ավել հանդուրժողական են եղել, որովհետեւ զանգվածային անկարգությունների պայմաններում ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոց կիրառել: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին Դեմիրճյան.Պռոշյան փողոցների խաչմերուկում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բխումներին:

«Դա ամենաթեթեւ հատուկ միջոցներից էր, որ կարող էր այդ պահին կիրառվել: Բայց ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար եկեք հետ գնանք 1,5 ամիս առաջ, ոստիկանությունն  արդեն 1,5 ամիս է օրուգիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում եւ որեւէ անգամ հատուկ միջոց չի կիրռել, անգամ հատուկ պաշտպանական միջոց չի կիրառվել՝ սաղավարտ, ռետինե մահակ եւ այլն: Բայց երբ մենք տեսանք, որ ոստիկանության այդ գործողությունները բերում են այն արդյունքին, որ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, այսինքն ոստիկանության գործողությունները չեն նախականխել զանգվածային անկարգությունները, հետեւաբար ոստիկանությունը պետք է իր մարտավարությունը կոշտացնի, ինչն էլ արել է: Թեեւ այդքան էլ կոշտ չի եղել, ոստիկաններն ավելի շատ տուժեցին այդ ամենից: Կրկնում եմ՝ ոստիկանությունը գործել է պրոգֆեսիոնալ եւ հանդուրժողական, գուցե ավելորդ հանդուրժողական»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը խոստովանեց, որ որոշ անձինք տուժել են այդ հատուկ միջոցների գործադրումից՝ հավելելով, որ դրա շուրջ ծառայողական քննություններ են իրականացվում:

  • Կիսվել: