ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կանոնները չպահելու դեպքում հնարավոր է ավելի ուժեղ սահմանափակումներ կիրառվեն. Թորոսյան

Կանոնները չպահելու դեպքում հնարավոր է ավելի ուժեղ սահմանափակումներ կիրառվեն. Թորոսյան

«Մենք շարունակում ենք հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել պացիենտներին, և այսպես կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ  երկիրը դա անելու ռեսուրս ունի»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, կան երկրներ, որոնք համաճարակաբանական հետազոտությանն արդեն չեն հետևում, այսինքն՝ ումից է վարակը եղել, ում են վարակել, այլ միայն սահմանափակվում են «հայտնաբերել-թեստավորել-բուժել» երեք քայլերով:

«Մենք դեռ 4-ն էլ իրականացնում ենք, քանի դեռ կարողանում ենք։ Ես չեմ կարող ասել, թե մենք երբ կհասնենք մյուս քայլին, իսկ մինչ այս պահը փորձում ենք գտնել հետագիծը: Իհարկե լինում են դեպքեր, երբ առաջնային վարակի աղբյուրը հնարավոր չէ գտնել, սակայն գործողություններն իրականացվում են»,- ընդգծեց նա։

Արսեն Թորոսյանը միաժամանակ ասաց, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունն աստիճանաբար ավելանում է, բայց դեռևս այն տանելի է. «Սակայն բեռի մեծացմանը զուգընթաց, մենք պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց դրա: Այս պահի դրությամբ մեր հիմնական նպատակը դա է»։

Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին սարքերի, մահճակալային ֆոնդի, դեղորայքի, բժշկական անձնակազմի մասով խնդիր չունեն:

Արսեն Թորոսյանը նշեց, որ այսօր հատկապես կարևոր է քաղաքացիների անհատական պատասխանատվությունը։

«Քաղաքացիների անպատասխանատվությունը  կարող է բերել այնպիսի վիճակի, երբ մեր ունեցածը չի հերիքի՝ այնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Ուստի, սահմանափակումների թուլացմանը զուգընթաց պետք է պահպանվեն բոլոր կանոնները։ Եթե կանոնները չպահպանվեն, կարող է նորից ավելի ուժեղ, տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը չի ուզում որևէ երկրի ղեկավարություն, բնակչություն, առողջապահական համակարգ: Սակայն, եթե կանոնները չպահենք, հենց դա է լինելու սցենարը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նաև ասաց, ոև Հայաստանում հայտնվել են կորոնադիսիդենտներ, որոնք մերժում են կորոնայի գոյությունը:

Նախարարի խոսքերով, ինքը հարցի լուծումը տեսնում է մարդկանց կրթական ցենզը բարձրացնելու մեջ. «Այլ տարբերակ չեմ պատկերացնում: Այսօր կան թե՛ իրական վարակված ու բուժված անձինք, որոնք հայտնի են նույնիսկ անուն ազգանուններով, թե՛ կան հիվանդանոցները, որոնք զբաղվում են մարդկանցով: Կան նաև թեստերը, որոնցով հետազոտվում են։ Դժվար է հերքել անհեթեթությունները»։

  • Կիսվել: