երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Եթե կանոնները չպահպանենք, հնարավոր է ունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով. նախարար

Եթե կանոնները չպահպանենք, հնարավոր է ունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով. նախարար

Կորոնավիրուսի համավարակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ անորոշությունը մեծ է, այսինքն, չկան բոլոր հարցերի պատասխանները և հնարավոր է, որ երկար ժամանակ չլինեն։ Այսօր խորհրդարանում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին թե որքան ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար։

Նրա խոսքով, գնահատականներ տալուց պետք է հասկանալ, թե ինչ նպատակ է դրված։

«Եթե մեր նպատակը համավարակը հաղթահարելն է, ապա կարող ենք ասել, որ դա մեզ չի հաջողվել և չի հաջողվել որևէ երկրի։ Եթե նպատակը առողջապահական համակարգի վրա բեռը կառավարելի դարձնելն է, ապա կառավարումը լավ է, միգուցե գերազանց է»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ լավագույն պաշտպանությունը հիգիենայի կանոններին հետևելն է։  Ըստ նրա, նույնիսկ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո էլ պետք է այդ կանոններին մշտապես հետևել։

«Եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ: Եթե չկարողանանք դրանք պահպանել, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր: Այդ սցենարն այդքան էլ անհավանական չէ, շատ հավանական սցենար է, և եղել է տարբեր երկրներում: Բարեբախտաբար, դա մեզ մոտ չի եղել՝ թե՛ մեր ժողովրդի զգոնության, թե՛ սահմանափակող միջոցառումների շնորհիվ: Այդ ամեն ինչը պետք է պահել: Եթե չկարողացանք պահել,  ապա ունենալու ենք անխուսափելի վատ սցենարներ»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նա նաև ասաց՝  ենթադրվում է, որ մյուս գարնանից համավարակը կամ կմարի, կամ կլինի կորոնավիրուսի դեմ դեղ կամ պատվաստանյութ:

  • Կիսվել: