կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Երուսաղեմի հայ համայնքը դատական ​​հայց է ներկայացրել՝ պատրիարքարանի և իսրայելական Xana Capital ընկերության միջև Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը անվավեր ճանաչելու համար։

«Համաձայն անօտարելի գույքի մասին փաստաթղթի (որն ունի իրավաբանական ուժ), գույքը չի կարող վարձակալության տրվել կամ վաճառվել պատրիարքարանի կողմից, եթե գործարքն ուղղակի օգուտ չի բերում հայ համայնքին, և եթե գործարքը չի ստացել հայ համայնքի համաձայնությունը»,- այդ մասին ասվում է X-ի միկրոբլոգում։

Գործը կքննվի Երուսաղեմի շրջանային դատարանում։ Շարժումը հայկական թաղամասի ամբողջականության նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքի առաջացման պատճառ է համարել թափանցիկության և համայնքի հետ համագործակցության բացակայությունը։

Հիշեցնենք, որ դեռ երկու տարի առաջ Երուսաղեմի հայոց Նուրհան Պատրիարքը և Պարետ Երիցյանը գործարք էին կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Սա լուրջ բողոքի առիթ էր դարձել, քանի որ շատերը նշում էին, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրն անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Այս որոշմանը դեմ էին արտահայտվել նաեւ պաղեստինյան իշխանությունները, քանի որ հայկական տարածքը հանձնվում էր հրեա գործարարի՝ անտեղ հյուրանոց կառուցելու համար, գրում է 24news.am-ը:

  • Կիսվել: