հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում կկայանա Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդես

Երևանում կկայանա Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարների ցուցահանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում տեղի կունենա արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում կցուցադրվեն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում արված լուսանկարները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված 100 լուսանկարներն արվել են պատերազմի ամենաթեժ օրերին:

Նրա խոսքով՝ լուսանկարներն արտացոլում են թե՛ Արցախի տարբեր շրջաններում ընթացած մարտական գործողությունները, թե՛ թիկունքում տարվող աշխատանքները:

«Լուսանկարներում պատերազմի հերոսներն են: Ցուցահանդեսը մեծ նշանակություն և դերակատարություն ունի հայ ժողովրդի համար, այնտեղ արտահայտված են մարդկային ճակատագրերի, սպասումի, կորստի, ցավի ու տառապանքի, սիրո, հույսի ու հավատի խորությունն ու ապրումները։ Լուսանկարները կցուցադրվեն նաև Ստեփանակերտում: Մեծ ցանկություն ունենք դրանք ներկայացնելու նաև Սփյուռքում, որովհետև մեծ ասելիք ունեն աշխարհին»,- մասնավորապես ասել է Հ. Ավագյանը:

  • Կիսվել: