Ամերիկյան ընկերությունը մտադիր է բժշկական տուրիզմի ծրագրային ապահովում ներդնել ՀՀ-ում. Պապոյան
Ամերիկյան ընկերությունը մտադիր է բժշկական տուրիզմի ծրագրային ապահովում ներդնել Հայաստանում։ Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունները վերանշյալ ընկերության հետ արդեն իսկ համապատասխան հուշագիր են ստորագրել։
«Ներկայում համատեղ աշխատանք է ընթանում։ Մոտ ապագայում խորհրդարանին կդիմենք որոշակի օրենսդրական փոփոխությունների հարցով։ Դրանց շնորհիվ տվյալների նույնականացումը, այնքանով, որքանով դա, իհարկե, թույլատրելի է, հնարավոր կդառնա»,-ասաց Պապոյանը և հավելեց, որ մասնավոր հատվածը ևս ակտիվորեն ներգրավված է նշված գործընթացում։