երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում խախտումներով գործող 4 տասնյակից ավելի բենզալցակայաններ ու գազալցակայաններ կան

Երևանում խախտումներով գործող 4 տասնյակից ավելի բենզալցակայաններ ու գազալցակայաններ կան

Անվտանգության տեսանկյունից այս օբյեկտների վերացումը շատ կարևոր է և առհասարակ քաղաքաշինական նորմերի պահպանմանը մենք պետք է խստորեն հետևենք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի՝ ապամոնտաժված բենզալցակայանների մասին զեկույցին։

Սաֆարյանը հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության հասարակական կարգի պահպանության ծառայության և Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է Ավետ Ավետիսյան-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող ապօրինի բենզալցակայանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Արամ Խաչատրյան-Հակոբ Հակոբյան խաչմերուկում գտնվող բենզալցակայանը, իսկ վարչության կողմից ուղարկված նյութերի և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված բացատրական աշխատանքների շնորհիվ տնտեսվարողի կողմից ապամոնտաժվել է Արցախի պողոտայի 32 հասցեում գտնվող ապօրինի բենզալցակայանը։ Նա նաև հայտնեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Երևանում գործող 242 բենզագազացակայանից 43-ը շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով։

«Այսուհետ նմանատիվ խախտումներ ունեցող բենզալցակայաններն անպայմանորեն պետք է վերացվեն։ Եվ սա, կարծում եմ, նույնից պետք է հստակ մեսիջ լինի բոլոր բենզալցակայանների տերերի համար, ովքեր այս պահի դրությամբ շատ լավ տեղեկացված են, որ ունեն ապօրինի գործող կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով գործող բենզալցակայաններ, և օր առաջ իրենք իրենց ոերով կարող են ապամոնտաժել այդ բենզալցակայանները», - նշեց Ավինյանը՝ շեշտելով, որ դեռ շատ բան կա անելու այս ոլորտում։

Անդրադառնալով խախտումներով գործող 4 տասնյակից ավելի բենզագազալցակայաններին՝ Երևանի քաղաքապետը նշեց, որ ուսումնասիրություն պետք է իրականացվի՝ հասկանալու, թե ինչ ընթացք պետք է ստանան դրանք։

  • Կիսվել: