Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը․ Տիգրան Ավինյան
Քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը, յուրաքանչյուր հինգշաբթի երևանցիներին կընդունեն քաղաքապետարանում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարեց, որ այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք մերժումներ են ստացել իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից։
Ավինյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը դադարեցրել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ նշելով, որ վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությունն այդպես էլ չի դադարեցվել, այն միշտ եղել է։
«Նորամուծությունն, իհարկե, քաղաքապետարանի վարչություններն էին, որոնք շատ կարևոր են այն առումով, որ քաղաքացիների մոտ շատուշատ հարցեր են կուտակվում այն դեպքում, երբ նրանց դիմումները մերժվում են»,- ասաց նա։


