շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երևանի քաղաքապետարանն սկսելու է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիր, կկառուցվի 16-18 հարկանի շենք. վարչապետ

Երևանի քաղաքապետարանն սկսելու է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիր, կկառուցվի 16-18 հարկանի շենք. վարչապետ

Մտավոր խնդիրներ, այդ թվում աուտիզմ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը 2020թ. հունվարի 1-ից ավելացել է 30%-ով: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

Նրա խոսքով՝ 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: Բացի այդ, ըստ նրա, 2020թ. հունվարի 1-ից համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Արդյունքում, քաղաքացիների կողմից հավելյալ տնօրինվող գումարի չափը կավելանա ամսեկան 2.5-ից 4 միլիարդ դրամով:

Փաշինյանը նաև նշեց, որ 1,9 միլիարդ դրամ է հատկացվել մանկատան շուրջ 300 շրջանավարտներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով:

Վարչապետի խոսքով՝ 2020թ. Երևանի քաղաքապետարանն սկսելու է  սոցիալական բնակարանների շինարարության ծրագիր, նախատեսվում է կառուցել 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչներ:

Բացի դրանից, Կառավարության որոշմամբ՝ շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:  

Վարչապետը նշեց նաև, որ Կառավարության որոշմամբ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար: «Ծրագրի նպատակը նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծումն է, ինչպես նաև նախատեսվում է պահպանել այդ ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիսների ընթացքում: Նախատեսելենք շուրջ 700 մլն դրամ: Շահառուները կստանան 350.000 դրամ անասունի ձեռքբերման համար և 230.000 դրամ կերի ձեռքբերման համար, անասունին պահելու համար ծրագրի շահառուին և անասնաբույժին տրամադրվում է ամենամսյա գումար նվազագույն աշխատավայր համապատասխանաբար 50 և 20%-ի չափով»,-ասաց վարչապետը։

Փաշինյանի փոխանցմամբ, 2020թ. հունվարի մեկից կառավարությունը փոխհատուցելու է Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: 2019թ. դրությամբ նման կացարանում բնակվում է 63 միայնակ կենսաթոշակառու:

Ինչ վերաբերում է զինծառայողներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020թ. հունվարի մեկից սկսել է 1998թ. զոհված զինծառայողների ընտանիքներին, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

Ըստ նրա՝ սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզերի նախկին զինծառայողներին անհատույց բնակարաններով ապահովելու նպատակով էլ, թվով 80 նախկին զինծառայողների տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր՝ ընդհանուր 554,4 մլն դրամի չափով: Կառավարությունը ևս 2 մլրդ 920 մլն դրամ է հատկացրել 25 զինվորականների՝ համար բնակարաններ գնելու նպատակով:

Խոսելով կրթությունից, վարչապետն ասաց, որ 2019թ. Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան։ Թեկնածուականների թիվն էապես կրճատվել է: «Սա այն դեպքն է, որ ոչ թե գոհունակությամբ արձանագրում ենք ավելացում, այլ նվազում, որովհետև մենք բոլորս գիտենք, թե այս ոլորտում ինչ էր կատարվում»,- նշեց նա։

Վարչապետի ներկայացրած փաստերն են՝

Փաստ 56

2019թ.   թանգարաններ են այցելել մեկ միլիոն 230 հազար այցելու:

Փաստ համար 57

Ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ:

Փաստ համար 58

700 միլիոն դրամով աճել է մշակութային հաստատությունների ֆինանսավորումը, որի արդյունքում նրանք դառնում են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող:

Փաստ համար 59

Սևանի ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համեմատ:

Փաստ համար 60

2019թ. առաջին 9 ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ անգամ:

 

  • Կիսվել: