ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 նոր ավտոբուսով

Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 նոր ավտոբուսով

Երևանի ավտոբուսի պարկը կհամալրվի միջազգային նորագույն չափանիշներին համապատասխան 100 ավոտբուսով: Ապրիլի 28-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մրցույթը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մրցույթը լինելու է միայն էլեկտրոնային տարբերակով, մենք հայտեր չենք ստանալու առձեռն, միայն ստանալու ենք մրցույթին մասնակցելու երաշխիքները, որն ուղարկվելու է փոստով մեր հասցեին: Տեղադրված է ՎԶԵԲ-ի կայքում, այն հասանելի է, ուղղակի ցանկացած մասնակից պետք է գրանցվի կայքում, որպեսզի կարողանա ներբեռնի մրցութային ողջ փաթեթն ու մասնակցի: Մրցույթը բաց է, թափանցիկ է և հասանելի»,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գնումների մասնագետ Արման Պետրոսյանը:

«Բազմիցս խոսել ենք, որ նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 820 ավտոբուս, դրանց միանգամից ձեռքբերումը բավականին դժվար է: Բացի այդ, մենք այս պահի դրությամբ Երևան քաղաքում խնդիր ունենք՝ կապված միկրոավտոբուսների հետ, դրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվեն, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերենք՝ 100 միավոր, որոնք արդեն կաշխատեն Երևան համայնքում, և այնուհետ ծրագիրը փուլային կսկսենք իրականացնել»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ունեցավ ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, միջազգային խորհրդատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեց որակական և տեխնիկական հստակ պահանջներով գնումների փաթեթ:

«Մեզ մեղադրում էին, թե ինչու մրցույթը շուտ չենք հայտարարել, չենք արել, բայց ասեմ, որ այդ մրցութային փաթեթն ավելի քան 200 թերթ է, և մանրակրկիտ աշխատանք պետք է իրականացվեր, որպեսզի հետագայում խնդիրներ չունենայինք: Բացի դրանից, նախատեսվում էր, որ մրցույթը պետք է կայանար փետրվարին, բայց նորից հայտնի պատճառներով, տարբեր մասնագետների հասանելիության խնդիր կար, և դա էր պատճառը, որ փետրվարի 15-ը փոխվեց և մրցույթը նոր հայտարարեցինք: Հավատացնում եմ, որ մենք ինքներս ցանկանում ենք, որ մեկ օր շուտ երթուղային տրանսպորտը Երևանում փոխենք և այդ խնդիրը մայրաքաղաքում մեկընդմիշտ լուծենք»,- ասում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

«Արտադրողը, մատակարարը կամ մասնակիցը պետք է ունենա 15 տարվա արտադրության փորձ, առնվազն 45 մլն եվրո-ի շրջանառություն՝ վերջին 5 տարիների ընթացքում, նմանատիպ 2 պայմանագիր իրականացված՝ 24 մլն եվրո-ի շրջանակում, պետք է ունենա 300 հատ սեղմված բնական գազով արտադրված և մատակարարված նմանատիպ ավտոբուս, ինչպես նաև 150 մոդել կոնկրետ այն առաջարկի, որը փաթեթում ներգրավված է»,- ընդգծում է Արման Պետրոսյանը:

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

«Նախատեսում ենք նաև, որ պետք է ունենանք ավտբուսների համար դեպո, դրա հետ կապված նախագծային աշխատանքները մայիս ամսվա կեսից կսկսեն, և կարծում եմ՝ ավտոբուսները, երբ արդեն լինեն Երևանում, մենք կունենանք ժամանակակից դեպո, որտեղ կարող ենք սպասարկել նաև այդ ավտոբուսները: Մենք փուլային կսկսենք իրականացնել արդեն բոլոր միջոցառումները, որպեսզի ունենանք մեր ցանկալի արդյունքը Երևանում»,- ասում է Հրաչյա Սարգսյանը:

Ավտոբուսների սպասարկումն ու շահագործումը պատշաճ և համակարգված իրականացնելու համար ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կկառուցվի 4 հավաքակայան: Դրանք, ի դեպ, ապահովված կլինեն նաև գազի լիցքավորման կայաններով:

«Երևանի ավտոբուս» ընկերությունն այսօր մայրաքաղաքում 19 երթուղի է սպասարկում: Ընկերության հավաքակայանում այժմ շուրջ 250 ավտոբուս կա:

«Այդ 100 ավտոբուսները կլինի հավելյալ, և այն մասնավոր կազմակերպությունները, որոնք այս ընթացքում չեն կարողանա իրենց շարժակազմը համալրել համապատասխան ավտոմեքենաներով, որոնց ժամկետը կհամապատասխանի, մենք այդ գծերը կփոխարինենք արդեն այդ ավտոբուսներով: Բայց այնուամենայնիվ այդ ավտոբուսների քանակը բավականին քիչ է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ փոխարինել Երևանում օրական 800 միկրոավտոբուսի սպասարկումը»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

Նոր ավտոբուսների մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցով ընդհանուր առմամբ կգործարկվի 820 նոր ու հարմարավետ ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ներկայումս գործող 111 երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Ծրագրի իրացման հարցում քաղաքը նոր՝ գործնական քայլերի փուլ է մտել:


  • Կիսվել: