հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն՝ 20 համարի ավտոբուսում ծուխ հայտնվելու վերաբերյալ

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն՝ 20 համարի ավտոբուսում ծուխ հայտնվելու վերաբերյալ

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել այսօր 20 համարի ավտոբուսում ծուխ հայտնվելու վերաբերյալ:

«Այսօր, ժամը 16:30-ի սահմաններում համար 20 երթուղու «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսի շարժիչային տուրբո մղիչ համակարգի շարքից դուրս գալու պատճառով տեղի է ունեցել յուղի արտահոսք: Այն թափվել է շարժիչի վրա, ինչի հետևանքով ավտոբուսի խցիկում ծուխ է հայտնվել: Ավտոբուսում առկա բոլոր 4 կրակմարիչների ավտոմատ գործարկման շնորհիվ ծուխը չեզոքացվել է:

Ավտոբուսում հրդեհ չի բռնկվել, կրակ չի եղել նաև շարժիչային համակարգում:

Քաղաքացիներից մեկի ստացած ոտքի վնասվածքը ուղևորասրահից արագ դուրս գալու ընթացքում այլ ուղևորների բախվելու հետևանք է»,-ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։20-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Արմեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Ապրեսյանը ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց, նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված ավտոբուսում ծուխ է նկատվում:

Ավագ պարեկն ու կրտսեր պարեկը շտապ մոտենում են ավտոբուսին և իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչը (oгнетушитель) և կարողանում են արագ մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:

  • Կիսվել: