Երբ սեռական բռնության զոհը տղա երեխա է, ասում են՝ «Դու բանակում պիտի ծառայես, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է լինելու». փորձագետ
Երբ Գավառի դեպքով բոլորը առավոտյան արթնացան և տեսան համացանցում մի տեսանյութ, որը վրդովեցրեց բնակչության մեծամասնությանը, դա վիճակագրական տեսանկյունից ընդամենը մեկ դեպք է, որի շրջանակներում մենք ունեցանք մեկ քրեական վարույթ, բայց դա իր ուժգնությամբ և ազդեցությամբ անհամեմատ շատ ծանր հետևանքներ է առաջացրել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը:
«Շատ մարդիկ, տեսնելով այդ տեսանյութը, ունենացել են հոգեկան ապրումներ, ավելին ասեմ, դրանից հետո մենք ունեցանք դեպքեր, երբ համանման վիճակներում նորից մայրերի մասնակցությամբ եղել են այլ տեսանյութերի պատրաստում: Այսինքն ինքը դարձավ շատ վատ օրինակ, որը որ կրկնօրինակվեց և ակամա մենք ունեցանք նաև տարածումներ։
Դրա համար երեխայի պաշտպանության համատեքստում միշտ միջազգային կառույցները ասում են, որ ոչ թե կապ ունի այդ դեպքերի քանակը, այլ այդ դեպքի առկայության փաստը: Անգամ մեկ փաստի առկայության դեպքում պետք է գիտակցենք, որ սա ընդամենը այդ սառույց մի փոքր կտորն է, որովհետև երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների լատենտայնությունը 80%-ի է հասնում, իսկ սեռական բռնությունների և ընտանեկան բռնությունների ընդհուպ մինչև 90-95%-ի»,-ասաց Թումասյանը:
Նրա խոսքով, լատենտայնությունը մարզերում անհամեմատ ավելի բարձր է, ինչը ակամա բերում է «շրջիկ» ընտանիքների ձևավորման. «Մենք, ցավոք սրտի, ունենք ընտանիքներ, որոնք փախչում են մարզից միայն այն պատճառով, որ իրենց երեխայի մասնակցությամբ տեղի է ունեցել ինչ-որ հանցագործություն և իրենք այլևս հնարավորություն չունեն այդ մարզում բնակվելու։
Մասնավորապես այդ հարցը շատ խնդրահարույց է, երբ որ տուժողը տղա երեխա է։ Այդ դեպքում պարտադիր հարց են բարձրացնում՝ «Դու դեռ պետք է բանակում ծառայես, դու պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է լինելու», շատ արագ ընտանիքը փոխում է իր բնակության վայրը, զբաղմունքը, փորձում են իրենց կապերը խզել այլ անձանց հետ, որպեսզի չկարողանան այդ անցյալում տեղի ունեցած դրվագը վերարտադրվի։
Բայց քանի որ Հայաստանը այդքան էլ մեծ պետություն չէ, այդ տեղեկատվությունը ինչ-որ մի պահին բարձրաձայնվում է, և մենք ունեցել ենք դեպքեր, երբ ընտանիքը Երևան քաղաք տեղափոխված լինելու պայմաններում, այդ ամբողջը բացահայտվել է և գրանցվել է որպես Երևանի դեպք։ Ցավոք սրտի, այդպիսի ընտանիքներ տարվա կտրվածքով լինում են տասնյակ»,- ընդգծեց նա: