հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Դժբախտությունը կանխելը մեքենավարի ուժերից վեր էր. ՀԿԵ պաշտոնյան` 14–ամյա տղայի դեպքի մասին

Դժբախտությունը կանխելը մեքենավարի ուժերից վեր էր. ՀԿԵ պաշտոնյան` 14–ամյա տղայի դեպքի մասին

Գյումրի–Երևան էլեկտրագնացքի մեքենավարի ձերբակալությունն աննախադեպ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։
 
Ինչպես հայտնել ենք, մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել 14 տարեկան պատանի։ Ըստ ՀԿԵ–ի տարածած հաղորդագրության` Գյումրի–Երևան էլեկտրագնացքի մեքենավարը գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի` մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներցիայով ևս շուրջ 380 մետր` վրաերթի ենթարկելով պատանուն։ Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքի մեքենավարը ձերբակալվել է։
 
«Նախկինում նման բան չի եղել։ Ես մոտ 40 տարի երկաթուղում եմ աշխատում, և մենք տեղեկություններ ստանում ենք այլ երկրների երկաթուղիներից։ Նման բան ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, որ մեքենավարին ձերբակալեն»,– ասաց ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի տեղակալը։
Նշենք, որ մամուլի տեղեկություններով` պատանին եղել է ականջակալներով, ու, ամենայն հավանականությամբ, չի լսել մոտեցող գնացքի և ձայնային ազդանշանների ձայները։ ՀԿԵ տնօրենի տեղակալը հավելեց, որ դեպքի վայրում գտնվել է նաև տղային պատկանող հեռախոսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրա ուշադրությունը կենտրոնացած է եղել հեռախոսի վրա։
Սերգեյ Հարությունյանը շեշտեց, որ ձերբակալված մեքենավարը 3-րդ` ամենաբարձր կարգի մասնագետ է` աշխատանքի մեծ փորձով, դեպքի օրը երթուղի դուրս գալուց առաջ սթափության և առողջական վիճակի զննություն է անցել։
«Տվյալ դեպքերում մեքենավարները չպիտի պատասխանատվության ենթարկվեն, քանի որ դժբախտությունը կանխելը մեքենավարի ուժերից վեր էր։ Եթե քննությունը պարզի, որ մեքենավարը ազդանշան չի տվել, չնայած տեղում մարդիկ կային, որոնք ասել են, որ լսել են ազդանշանները, եթե պարզվի, որ ժամանակին չի արգելակել, այդ ժամանակ, իհարկե, պիտի պատասխան տա։ Բայց այդ ամենը կպարզվի, երբ հասկանանք, թե գնացքն ինչ արագությամբ է ընթացել, որքան է եղել արգելակմա ճանապարհի երկարությունը։ Այդ բոլոր պատասխանները կստանանք։ Տվյալ գնացքի վրա տեղադրված «սև արկղը» էլեկտրոնային է, կան մարդիկ, որոնք դա վերծանում են, ունենք նաև հատուկ սարք, որն այդ տվյալները նաև վերստուգում է»,– նշեց Հարությունյանը։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: