երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Երբ սեռական բռնության դեպքում ծնողներն անգործություն են դրսևորում, ստացվում է, որ երեխան այլևս պաշտպանության հնարավոր տարբերակ չունի. Թումասյան

Երբ սեռական բռնության դեպքում ծնողներն անգործություն են դրսևորում, ստացվում է, որ երեխան այլևս պաշտպանության հնարավոր տարբերակ չունի. Թումասյան

Երեխան գիտակցում է, որ իրեն պետք է ծնողները պաշտպանեն, բայց երբ սեռական բռնության դպքում ծնողները անգործություն են դրսևորում, ակամա ստացվում է, որ երեխան այլևս պաշտպանության որևիցե հնարավոր տարբերակ չունի, նա ընդամենը ընդունում է իր ճակատագիրը և ասում է՝ ես պետք է համաձայնվեմ։ Այս մասին այսօր «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը՝ խոսելով այն մասին, որ հաճախ մեղադրվում է հենց զոհը՝ իր հետ որևէ դեպք պատահելու պրագայում:

Նա շարունակեց. «Երեխաները սպունգ են և շատ արագ կլանում են այն տեղեկատվությունը, որը կա մեր շուրջբոլորը։ Սեռական բռնության ենթարկված երեխան կարող է ընդամենը լսել իր ծնողի հեռախոսային խոսակցությունը, ծաղկաքաղ անել այն տեղեկատվությունը, որն իրեն անհրաժեշտ է և հետագայում դա օգտագործել իր մտքերն ասելու համար։ Օրինակ՝ ծնողը հեռախոսով խոսելու ժամանակ ասում է՝ խայտառակ ենք եղել, հիմա այսպիսի գործ են հարուցել, միակ փրկությունն այն է, որ որ իրենք հաշտ-համերաշխ ապրեն, որ մենք բոլորին ասենք, դե, ամուսինը սիրել է, հիմա որևիցե խնդիր չկա։

Եվ երբ երեխայի մոտ արդեն ենթագիտակցության մեջ ձևավորվում է այդ կարծրատիպը, որ միակ փրկությունը նա է, որ ինքը պետք է այդ տղամարդուն ընդունի որպես իր ամուսին, հակառակ դեպքում պախարակվելու է, որպեսզի իր ծնողները չամանչեն, ինքը կարողանա իրեն հասարակության լիարժեք անդամ զգա, իր մոտ այլընտրանքի բացակայություն է ձեւավորվում:

Բայց տվյալ պարագայում մենք իրոք երեխայի ճակատագրի հետ խաղում ենք, որովհետև մենք հնարավորություն չենք տալիս երեխային ոչ միայն ձևավորվել և զարգանալ ամբողջությամբ, այլ նաև իր ճակատագիրը որոշելու»:

Թումասյանն անդրադարձվա նաև այն տեսակետին, որ շատերն ասում են՝ նայեք, լավ ընտանիք են կազմել, շատ լավ մարդ է դարձել այդ 14 տարեկան երեխան, որ ծննդաբերել էր: 

«Բայց մենք ինչի՞ հետ ենք համեմատում։ Մենք չգիտենք՝ ինչ կլիներ այդ երեխայի հետ, եթե այդ դեպքը չլիներ: Համեմատում ենք, որ ինքը հիմա ապրում է իր այդ չակերտավոր հանցագործ ամուսնու հետ, որի հետ ունեն համատեղ երկու երեխա, կարող է ինքը հիմա լիներ շատ լավ բիզնես լեդի և ունենալ չորս երեխա, որովհետև ոչ թե երկուսին պահելու գումար ունենային, այլ չորս երեխա պահելու, ապրեր ոչ թե գյուղական վայրում, այլ ունենար պենթհաուս նորակառույցում։ Դրա համար այդ համեմատությունները, որ ասում ենք՝ ինքը վատ մարդ չի մեծացել, մենք այլընտրանքը չգիտենք»,-հավելեց նա:

  • Կիսվել: