ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երբ Արտակ Թովմասյանը մոռացավ հայրենիքի փրկությունը, ոչ միայն օրինականացվեցին ապօրինի տարածքները, այլև շինթույլտվություն տրվեց ապօրինությունը մինչև վերջ կատարելու համար. «Ժողովուրդ»

Երբ Արտակ Թովմասյանը մոռացավ հայրենիքի փրկությունը, ոչ միայն օրինականացվեցին ապօրինի տարածքները, այլև շինթույլտվություն տրվեց ապօրինությունը մինչև վերջ կատարելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում հասցրել է օրինականացրել Հայաստանի ամենաթանկ ծառայություններից մեկը մատուցող «Դվին» հյուրանոցային համալիրի անօրինական կառուցված մոտ 16 հազար քառակուսի մետր տարածքը:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից:

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի դերասան քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ապօրինի շինություն կա «Դվին» հյուրանոցի վրա: «Ասեմ ավելին՝ բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկուհարկանի մի կառույց էլ է ավելացել՝ ապակեպատ: «Դվին» հյուրանոցի հետեւում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել, եւ դրա հետ կապված կառուցապատողը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ երկու հարկերը պետք է վերացնի, կա՛մ ամբողջ շենքը որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի»,- վճռական հայտարարեց Հայկ Մարությանը, ու այլեւս չիմացվեց՝ հարցն ինչպես լուծվեց։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ պահանջելով հայտնել, թե ինչպես լուծվեց ապօրինի կառուցված հարկերի հարցը:

Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «26.11.2021թ. Երեւանի քաղաքապետարան է դիմել ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն՝ կապված ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման շրջանակներում Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոց հ.40 հասցեում նախագծային շեղումներով կառուցվող եւ ինքնակամ կարգավիճակ ձեռք բերած շինության օրինականացման հետ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից 06.12.2021թ. տրվել է մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա՝ կայացվել է Երեւանի քաղաքապետի 03.02.2022թ. հ.330-Ա որոշումը՝ ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին:

Որոշմանը կից տրամադրվել է համապատասխան նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով»:

Տեղեկացանք նաեւ, որ ընդհանուր օրինականացվել է ապօրինի կառուցված 15823.85 քառ. մետր կառույց, որի համար 228654633 (երկու հարյուր քսանութ միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր երեսուներեք) դրամ 09.03.2022թ. ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն վճարել է Երեւան համայնքի բյուջե:

 

Այսպիսով, ստացվում է, որ երբ Արտակ Թովմասյանը Հայրենիքի փրկության շարժման օրերին Բաղրամյան փողոցում սպիտակ վրաններ էր տեղադրել ու պայքարում էր հայրենիքի փրկության համար, ՔՊ-ական քաղաքապետը սպառնաց նրան քանդել «Դվին»-ի ապօրինությունները, իսկ երբ Արտակ Թովմասյանի դրած վրանները «քամին տարավ», ինքն էլ մոռացավ հայրենիքի փրկությունը, ոչ միայն օրինականացվեցին ապօրինի տարածքները, այլեւ շինթույլտվություն տրվեց ապօրինությունը մինչեւ վերջ կատարելու համար:
Շարունակելի…»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: