երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՊՀ-ում կգործի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը. այն կղեկավարի Եղիշե Կիրակոսյանը

ԵՊՀ-ում կգործի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը. այն կղեկավարի Եղիշե Կիրակոսյանը

2023-2024 ուսումնական տարվանից ԵՊՀ-ում մեկնարկում է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը նախաձեռնել և ղեկավարելու է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անգլերենով անցկացվող դասընթացները կվարեն ոլորտում աշխատող փորձառու միջազգային իրավաբաններ ու առաջատար համալսարաններից հրավիրված պրոֆեսորներ։

«Ծրագրի նախագծման ընթացքում որպես դասախոսներ հրավիրել ենք միջազգային, օտարերկրյա բուհերում դասավանդող դասախոսների, միջազգային պրակտիկ իրավաբանների, որոնք ամենօրյա ռեժիմով զբաղվում են միջազգային դատարաններով և արբիտրաժով: Ուսուցումը անցկացվելու է թե՛ առկա, թե՛ առցանց եղանակներով: Կարծում ենք նմանատիպ մարդկանց մասնակցությամբ դասապրոցես կազմակերպելը ուղղակիորեն ավելի կմեծացնի, կամրապնդի կապը կրթական գործընթացի և պրակտիկ իրականության հետ՝ որակյալ մասնագետներ պատրաստելու գործում»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ-ն շատ ակտիվ սկսել է ներգրավվել միջազգային դատական գործընթացների մեջ, բացի այդ Հայաստանը վաղուց միջազգային արբիտրաժային գործերում ևս ներգրավվածություն ունի, որի հետևանքով որակյալ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտություն է առաջացել:

«Հայաստանին միշտ են պետք լինելու միջազգային իրավունքի մասնագետներ, որոնք լավ հասկանում են միջազգային դատարանները, միջազգային արբիտրաժային գործընթացը և կկարողանան ներկայացնել Հայաստանի շահերը»,- ասաց Կիրակոսյանը:

Նախատեսված է ծրագիրը ներկայացնել երեք իրար հաջորդող կիսամյակներում: Այն բաղկացած է բազմաթիվ դասընթացներից. միջազգային իրավունքի հիմունքներ և սկզբունքներ, մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի և մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային առևտրային արբիտրաժ, միջազգային ներդրումային իրավունք և միջազգային ներդրումային արբիտրաժ, միջազգային առևտրային իրավունք և առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում վեճերի կարգավորման առանձնահատկություններ, ռազմավարական դատավարություն, ՄԱԿ-ի միջազգային դատարան և այլն:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց՝ սա ապագային միտված ծրագիր է:

«Ծրագիրը ներկայացվելու է անգլերենով, որովհետև միջազգային ատյաններում Հայաստանի շահը ներկայացնելը այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել: Ծրագիրը արդեն կյանքի է կոչվում, ես կարծում եմ, որ սա կարևոր նախաձեռնություն է ՝ հաշվի առնելով ԵՊՀ-ի ռազմավարությունը: Սա կարևոր է նաև մագիստրոսական կրթությունը վերաարժևորելու առումով»,- ասաց ռեկտորը:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ վստահ են, որ ունենալու են փայլուն մագիստրոսական ծրագիր:

  • Կիսվել: