երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտ է հայտարարել

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) և «Լելո» կուսակցությունները խորհրդարանական բոյկոտ են հայտարարել, գրում է aliq.ge-ն:

ՄԱՇ-ի առաջնորդներից Լևան Բեժաշվիլին հայտարարել է՝ երբ երկրում ռուսական ռեժիմ է հաստատվել, նորմալ խորհրդարանական աշխատանքն անհնար է պատկերացնել:

«Մենք՝ ՄԱՇ խմբակցությունն ու ընդդիմության մեծամասնությունը, այս ռեժիմով չենք պատրաստվում շարունակել մեր բնականոն գործունեությունը, բոյկոտի ենք անցնում»,- ասել է Բեժաշվիլին։

«Լելոյի» առաջնորդներից Անա Նացվլիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը որոշում է կայացրել բոյկոտ հայտարարել և այլևս չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին, «երբ բոլոր կարմիր գծերն անցել են, երբ օրենսդիր մարմնում բացահայտ խախտվել է երկրի Սահմանադրությունը». «Մենք կարծում ենք, որ խորհրդարանում աշխատելու համար այլևս ռեսուրսներ չկան, և բոյկոտը ռեժիմին դիմակայելու միակ օրինական ճանապարհն է»:

ՄԱՇ-ը հայտարարել է, որ առաջիկայում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանրությանը կտեղեկացնեն «վերջնական պլանի» մասին, թե «ինչպես են պատրաստվում շարունակել քաղաքական գործունեությունը ռուսական ռեժիմի օրոք»:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, դահլիճում՝ վիճաբանության ու ծեծկռտուքի, խորհրդարանի մոտ՝ ցուցարարների բողոքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»:

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքացիները բողոքում են երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» դեմ, խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկում:

  • Կիսվել: