հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

ԵՄ դեսպանները հուլիսի 23-ին քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Ինչպես հաղորդում է  Reuters-ը, այս մասին հայտնել են ԵՄ չորս դիվանագետներ։

ԵՄ երկու դիվանագետների խոսքով՝ փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի սահմանաչափի 12-ամսյա սառեցում։ Նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա մեծացնել իր նավթային եկամուտները՝ օգտվելով համաշխարհային գների հնարավոր աճից, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից։

Նաև Հունաստանին հաջողվել է ստանալ մեկ տարով թույլտվություն՝ շրջանցելու ԵՄ-ի պատժամիջոցները։ Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները համաձայնել են թույլ տալ հունական ընկերություններին շարունակել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) տեղափոխումը ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ, եթե համապատասխան պայմանագրերը կնքվել են մինչև Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ։

Սա հատկապես վերաբերում է խոշոր հունական Dynagas նավագնացային ընկերությանը, որը մասնագիտացած է Ռուսաստանի Յամալ հանքավայրերից հեղուկացված բնական գազի  փոխադրման մեջ։

«Անդամ պետությունները համերաշխություն ցուցաբերեցին Հունաստանի նկատմամբ, և ակնկալվում է, որ ապագայում Հունաստանը նույն կերպ կվարվի մյուսների նկատմամբ», — նշել է ԵՄ դիվանագետներից մեկը։

Այժմ կավարտվեն պատժամիջոցների փաթեթի տեխնիկական աշխատանքները, և հուլիսի 23-ի կեսօրից հետո կսկսվի դրա պաշտոնական ընդունման գրավոր ընթացակարգը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումը՝ հայտարարելով, որ դրանք «շարունակում են թուլացնել Ռուսաստանի պատերազմի ջանքերի տնտեսական հիմքերը»։

«Մենք ևս 32 ռուսական բանկ ավելացնում ենք գործարքների արգելքի մեր ցուցակում։ Նաև՝ կրիպտոընկերություններ և նավթի առևտրային հարթակներ։

Մեկ տարով սառեցնում ենք նավթի գնի սահմանաչափի փոփոխությունը, որպեսզի ռուսական ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։

Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։

Եվ մենք կարևոր քայլ կատարեցինք ռուս զինծառայողների՝ ԵՄ մուտքն պաշտոնապես արգելելու ուղղությամբ։», – X-ում գրել է ֆոն դեր Լայենը։

Նա շնորհակալություն է հայտնել Իռլանդիային՝ որպես 2026 թվականին ԵՄ նախագահողի, այս համաձայնության գործում ունեցած դերակատարության համար։

  • Կիսվել: