Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ բոլոր պատանդներին և ռազմագերիներին
Գերմանիայի Կառլսռուե քաղաքում ընթացող՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ վեհաժողովը հրապարակել է ՛՛2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները՛՛ վերնագրով հայտարարությունը, որտեղ վերահաստատում է, որ դատապարտում է Արցախում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների և հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը, հակամարտության ընթացքում կատարված մյուս բոլոր պատերազմական հանցագործությունները:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայերի դեռևս անօրինական պահվում են Ադրբեջանում, ինչը ռազմագերիների հետ վարվելու Ժնևի կոնվենցիայի խախտում է:
Բացի այդ՝ արձանագրության մեջ նշվում է նաև, որ երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը նոր հարձակումներ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների վրա:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել հայ բոլոր քաղաքացիական պատանդներին և ռազմագերիներին՝ միջազգային իրավունքին համապատասխան:
Հայտարարության մեջ նաև մտահոգություն է հայտնվում հայկական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ անելով պաշտպանել այն:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նաև կոչ է անում ՛՛իմաստալից երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման հարցով՛՛՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:


