«Ձեր մասնագիտության պահանջը մեծ է». Արաքսիա Սվաջյանը դիպլոմներ է հանձնել ապագա հատուկ մանկավարժներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը:
Արաքսիա Սվաջյանը, որը նաև ՀՊՄՀ խորհրդի անդամ է, շնորհավորել է շրջանավարտներին ու նրանց մաղթել է հետաքրքիր աշխատանքային գործունեություն, արդյունավետ ու բեղուն ընթացք։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հատուկ մանկավարժների նոր սերունդը ստացած կրթության շնորհիվ ոլորտում կբերի անհրաժեշտ փոփոխություններ:
Շրջանավարտներին շնորհավորել են նաև ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները, դասախոսները։ ՀՊՄՀ պրոռեկտոր, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դոցենտ Մարիաննա Հարությունյանը հույս է հայտնել, որ հատուկ մանկավարժները հաջողություններ կգրանցեն մասնագիտական ոլորտում և բարձր կպահեն բուհի պատիվը։
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն այս տարի ունի 123 շրջանավարտ՝ 39 բակալավր, 46 մագիստրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 38 շրջանավարտ: Բուհը գերազանցությամբ ավարտել են ֆակուլտետի 47 ուսանողներ:
Միջոցառման շրջանակում ավարտական դիպլոմներ են հանձնվել նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներին:


