երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դպրոցների ավարտական վկայականներն այս տարի տրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով

Դպրոցների ավարտական վկայականներն այս տարի տրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով

 Հայաստանում դպրոցների ավարտական վկայականներն այս տարի տրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով: Հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ կա ռազմավարական ծրագիր կրթության ոլորտը թվայնացնելու համար և ավարտական վկայականներն էլեկտրոնային տարբերակով տրամադրելն այդ ծրագրի մի մասն է: Նպատակը փաստաթղթաշրջանառությունն ավելի դյուրին, հաշվետվողականության մակարդակն էլ ավելի բարձր դարձնելն է:

«Գործընթացը բարեհաջող իրականացրել ենք: Համակարգը բաց է, աշխատում է և արդեն իսկ էլեկտրոնային տարբերակով տրամադրում են ավարտական վկայականներ, ատեստատներ: Համակարգը դպրոցների համար բացվել է հուլիսի 6-ին, և այսօրվա տվյալներով արդեն 25 հազար վկայական ու ատեստատ է ստորագրվել: Այս տարի մենք ունենք 55 հազար շրջանավարտ (խմբ.-խոսքը 9-րդ և 12-րդ դասարանցիների մասին է), ինչպես տեսնում եք գրեթե կեսի ավարտական փաստաթղթերը տրամադրվել են էլեկտրոնային տարբերակով»,-ասաց Արտակ Պողոսյանը:

Դպրոցի տնօրենը աշակերտներին կտրամադրի 16 նիշանոց համար, որից հետո քաղաքացին կարող է մուտքագրել https://www.e-verify.am/ կայքում ու ներբեռնել, ցանկության դեպքում տպել և թղթային տարբերակով ունենալ:  Ավարտական վկայականի թղթային տարբերակ այլևս չի լինելու: Թղթային տարբերակով կարգավորումը կգործի միայն մինչ այս պահը տրված ատեստատների կորստի դեպքում:

Էլեկտրոնային տարբերակով ատեստատների տրամադրումը կօգնի քաշքշուկի մեջ չընկնել դրա կորստի դեպքում, ինչպես նաև խուսափել կեղծիքներից: Եթե նույնիսկ ատեստատը տպելուց հետո փորձ կարվի կեղծել, այսինքն՝ փաստաթղթում որոշ բաներ փոխել, միևնույն է դրա վրա կա QR կոդ, որը ցույց կտա, թե այն ում է պատկանում:

«Այս գործընթացը շահեկան է նաև ֆինանսական տեսանկյունից: Ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսվում դպրոցների վկայականների ու ատեստավորման տպագրման վրա: Այժմ տպագրության, ատեստատը բաշխելու, ձեռքով լրացնելու, հերթ կանգնելու խնդիր չկա: Այսինքն՝ այս քայլով կոռուպցիոն ռիսկերն են նվազում, վարչարարությունն է պարզեցվում, ֆինանսական ծախսերն են կրճատվում»,-հավելեց Արտակ Պողոսյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խնդիր է դրել շարունակել թվայնացման գործընթացը: Արտակ Պողոսյանը նշեց, որ առաջիկա տարիներին հասնելու են նրան, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական վկայականները ևս տրվեն էլեկտրոնային տարբերակով:

  • Կիսվել: