հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Ուկրաինա կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք ուղղված են նավթային ընկերությունների, «ստվերային նավատորմի» լցանավերի և ռազմական մատակարարման շղթաների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Standard պարբերականը։

Այդ խիստ միջոցառումների մասին հայտարարվել է այն ժամանակ, երբ Միլիբենդը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել են Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում ռուսական հարվածից փլուզված հինգհարկանի բնակելի շենք, որի հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել։

«Ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մենք ոչ միայն աջակցության խոսքեր ենք հնչեցնելու, այլև գործնական աջակցություն ենք ցուցաբերելու։ Ուստի այսօր մենք հայտարարում ենք Ռուսաստանի, (ՌԴ նախագահ) Պուտինի պատերազմական մեքենայի, «ստվերային նավատորմի», նավթային ընկերությունների, կրիպտոակտիվների և պատերազմի ֆինանսավորման դեմ ուղղված նոր պատժամիջոցների մասին։ Մենք այստեղ ենք՝ հայտարարելու լրացուցիչ մարդասիրական և էներգետիկ աջակցության մասին։ Եվ կարծում եմ՝ արտահայտում եմ բրիտանացի ժողովրդի կամքը՝ ասելով, որ մենք ձեր կողքին ենք, պարո՛ն նախագահ։ Մենք ձեր կողքին ենք, ինչպես եղել ենք 2022 թվականից, և, ըստ էության, դեռևս 2014 թվականից ի վեր», – նշել է Միլիբենդը։

Պատժամիջոցների ցանկում ներառվել է 38 նոր ընկերություն, այդ թվում՝ ռուսական երկու նավթային ընկերություն, որոնց թվում են «Զարուբեժնեֆտ»-ը և «ԻՆԿ Քեփիթալ»-ը։

Միացյալ Թագավորության կողմից սահմանված պատժամիջոցներն այժմ ընդգրկում են Ռուսաստանի նավթի արդյունահանման ընդհանուր հզորությունների ավելի քան 90%-ը։

Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմում գործող ևս 12 նավթատար նավի նկատմամբ՝ պատժամիջոցների ենթարկված նավերի ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 600-ի։

Կառավարությունը նաև հայտարարել է երեք կրիպտոբորսայի և երկու վճարային հարթակի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, այդ թվում՝ Ղրղզստանի հետ կապ ունեցող երեք կառույցի և մեկ ֆիզիկական անձի։ Այս կառույցները կասկածվում են Ռուսաստանի կողմից ֆինանսական պատժամիջոցները շրջանցելու նպատակով օգտագործվելու համար։

Բացի այդ, փաթեթը ներառում է 17 կազմակերպություն և ֆիզիկական անձ, որոնք մատակարարում են այնպիսի ապրանքներ, որոնք Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն կենսական են համարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների համար։ Դրանց թվում են Ռուսաստանում գործող ներկրողներ, որոնք մատակարարում են հաստոցներ, էլեկտրոնիկա և նյութեր, որոնք անհրաժեշտ են ռուսական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

  • Կիսվել: