երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
 Օրվա իշխանությունները QR կոդերի համակարգի փոփոխություններն անում են դաշտ մտնող նոր «խաղացողի» համար․ «Փաստ»

Օրվա իշխանությունները QR կոդերի համակարգի փոփոխություններն անում են դաշտ մտնող նոր «խաղացողի» համար․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում իշխանությունները ԿԲ-ի միջոցով որոշակի փոփոխություններ են ցանկանում իրականացնել վճարումների իրականացման համար առևտրի և սպասարկման կետերի կողմից ցուցադրվող QR կոդերի համակարգում:

Ըստ մեր տեղեկությունների, թեպետ այս փոփոխությունը պատճառաբանվելու է անկանխիկ վճարումներ իրականացնող համակարգերի փոխգործելիության ապահովման հիմքով, սակայն արդեն իսկ կան մասնագիտական շրջանակների անհանգստություններ: Բանն այն է, որ մտահոգություն կա այն առումով, որ հնարավոր է կիրառվի ֆինանսական կազմակերպությունների համար մեկ միասնական QR համակարգ՝ տարբերակումը թողնելով միայն վճարման, այսպես կոչված, «դրամապանակին»:

Մեր աղբյուրները նշում են, որ ֆինանսաբանկային համակարգում կա տեսակետ, որ օրվա իշխանությունները այս փոփոխություններն անում են դաշտ մտնող նոր «խաղացողի» համար՝ նրա համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով: Խնդիրն այն է, որ գործող հատկապես վճարահաշվարկային կազմակերպությունները տարիներ շարունակ իրենց տեղն են հարթել «արևի տակ»՝ ապահովելով համապատասխան շուկա ԱՍԿ-ների ցանցում, իսկ նոր կազմակերպությունն այս առումով մեծ խնդիրների չի բախվելու: Մի խոսքով, կարելի է ասել՝ շուկա է հրամցվում «սկուտեղի վրա»:

Մեզ հետ զրույցում ոլորտի մասնագետներից մեկը միևնույն ժամանակ նշեց, որ այս պարագայում անորոշ է մնում աշխատանքի մեխանիզմը այն ԱՍԿ-ների դեպքում, որոնց հետ այս կամ այն ՎՀԿ-ն պայմանագիր չունի»։

  • Կիսվել: