Անհետ կորածների ծնողները բողոքեցին՝ ինչու են իրենց ԴՆԹ անալիզները հանձնվել Ադրբեջանին առանց իրենց իմացության. Հովսեփյան
«Շատ ծանր հանդիպումներ ունեցանք։ Անհետ կորած զինծառայողների ծնողների. հարազատների մոտ տեսնում ենք հուսահատություն, հիասթափություն, այնպիսի դուռ չի մնացել, որ չծեծեն, բայց, փաստացի, սայլը տեղից չի շարժվում»,- ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից կազմակերպված անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումներից հետո լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նա նշեց, որ հավաքագրել են խնդիրները, երեք ուղղություն են առանձնացրել՝ միջազգային հարթակներում, Ազգային ժողովում խնդրի բարձրաձայնում, երրորդ երկրների միջնորդությամբ փորձել հասկանալ՝ ինչ կարելի է անել։
«Այս հարցերը պետական մասշտաբի հարցեր են, պետք է լինի պետական դիրքորոշում։ Ընդդիմությունը, ի դեմս այս պարագայում «Ուժեղ Հայաստանի», իր բոլոր լծակներով այս հարցով զբաղվելու է, քանի որ անհետ կորածները հայրենիք զավակներն են, մեր արժանապատվության ու պատվի հարցն է, որը մենք չենք կորցրել»,- ասաց Ա. Հովսեփյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին՝ հայկական կողմը տրամադրի համապատասխան ԴՆԹ նմուշներ՝ գրաված տարածքներում հայտնաբերված և, ենթադրաբար, հայ զինծառայողներին պատկանող մարդկային աճյունների նույնականացման համար, Ա. Հովսեփյանն ասաց. «Ծնողները բողոք հայտնեցին՝ ինչու են իրենց ԴՆԹ անալիզները հանձնվել ադրբեջանական կողմին առանց իրենց իմացության։ Կրկնակի հարց տվեցի՝ ոչ մեկդ տեղյակ չէինք, ասացին՝ ոչ։
Հարցումներ եմ անելու համապատասխան մարմիններին՝ իմանալու, թե ինչու են նրանց ԴՆԹ անալիզները փոխանցվել Ադրբեջանին»։



